Հարավկորեական Samsung ընկերությունը թողարկել է Gear VR վիրտուալ իրականության սաղավարտ` Innovator Edition բետա-տարբերակով: Նորույթի արժեքը է 199 դոլար, նշվում է ընկերության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:
Samsung-ը սարքն առաջին անգամ ցուցադրել է այս տարվա սեպտեմբերի սկզբին: Gear VR-ն ստեղծվել է Oculus ընկերության օգնությամբ, որն ավելի ուշ գնվել է Facebook սոցցանցի կողմից: Innovator Edition տարբերակը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի վաղ ծանոթանալ սարքին, քան զանգվածային շուկայի համար հասանելի լինելը, ինչպես նաեւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ամենահավատարիմ երկրպագուների համար:
Կայքում առկա նկարագրության համաձայն՝ խաղալիս, տեսանյութեր դիտելիս սաղավարտն ապահովում է 360 աստիճանի վիրտուալ համայնապատկերային տեսարաններ: Սարքն ունի սենսորային կառավարման գործառույթ, աշխատում է Oculus VR առցանց խանութի հավելվածներով, հայտնում է Lenta-ն:
Այն դեռեւս կարող են օգտագործել միայն Samsung Galaxy Note 4 սմարթֆոնի տերերը: Ընկերությունը նշում է, որ այլ սարքերի հետ Gear VR համատեղելի չէ:
Արտադրող ընկերության, ինչպես նաեւ AT&T օպերատորի կայքում Samsung Gear VR-ի մեկնարկային գինը կազմում է 199 դոլար:




























