Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների եւ պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն միմյանց հետ, ճանաչեն իրար:
Գլենդեյլի քաղաքապետը ողջունել է ԱԺ նախագահի մտադրությունը եւ հայտնել նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում՝ միաժամանակ չմոռանալով իրենց արմատները:
Զրուցակիցները ցանկալի են համարել Հայաստանի եւ Կալիֆորնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջեւ կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է Գլենդեյլի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրերի իրականացմանը:



























