«Յանդեքս» ընկերությունը վերլուծել է 2014թ. ամենատարածված որոնողական հարցումները եւ հրապարակել դեպքերի, թեմաների եւ անձերի վարկանիշային ցանկը, որոնք ամենաշատն են հետաքրքրել օգտվողներին:
Տարվա իրադարձությունների ցանկը գլխավորում է Սոչիի օլիմպիադան, երկրորդ եւ երրորդ տեղերում Ուկրաինայի եւ Կիեւի դեպքերն են: Ցանկում հայտնվել են նաեւ Էբոլա տենդը, ժամերի փոփոխությունը, «Վկոնտակե» սոցցանցի աշխատանքի խափանումը եւ դոլարի փոխարժեքի աճը:
«Յանդեքսի» վարկածով կանանց վարկանիշում առաջատարն է Ժաննա Ֆրիսկեն, երկրորդ տեղում գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան է, երրորդում Տոլմաչեւա քույրերը, որոնք Ռուսաստանը ներկայացնում էին «Եվրատեսիլում»:
Օգտվողներին մեծապես հետաքրքրել են Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան եւ գեղասահքի երկու այլ օլիմպիական չեմպիոններ՝ Ադելինա Սոտնիկովան եւ Տատայանա Վոլոսաժարը, փոխանցում է NEWSru-ն:
Տղամարդկանց վարկանիշը գլխավորել է «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վուրստը: Երկրորդ տեղում է գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն: Երրորդը Ռոբին Ուիլյամսն է, ով օգոստոսին ինքնասպան էր եղել: Ցուցակում նաեւ Ուկրաինայի նախորդ եւ գործող նախագահներն են, դերասան Մարատ Բաշարովը եւ մարզիկ Վիկտոր Անը, որը մի քանի ոսկե մեդալ է նվաճել օլիմպիական մրցումներում:
Արտասահմանյան սերիալներից ամենատարածվածը «Գահերի խաղը» սերիալն է, իսկ ֆիլմերից՝ «Ինչպես ընտելացնել վիշապին 2» ֆիլմը: Ռուսական սերիալների վարկանիշը գլխավորում է «Ֆիզռուկը»:
Ինչ վերաբերում է տարվա պրեմիերաներին, դրանցից գլխավորը iPhone 6-ն է, դրա մրցակից Samsung Galaxy S5-ը երրորդ տեղում է: Երկրորդում «ԱվտոՎԱԶ»-ի նորույթն է՝ Lada Vesta անունով: Ցուցակում են նաեւ «Սպուտնիկ» որոնողական պորտալը, Apple Watch-ը, Windows 10-ը, iOS 8-ը, եւ YotaPhone 2-ը:
Բացի այդ, որոնման համակարգը կազմել է նաեւ մարզական եւ երաժշտական իրադարձությունների, նաեւ՝ համակարգչային խաղերի ցանկը:



























