Հայաստանի ԿԳՆ-ն շահագրգիռ է, որ ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան ՀՀ` կրթություն ստանալու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը եւ զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարեւոր հարթականերից մեկն է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների եւ ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու եւ դրանց լուծում տալու նպատակով: 

ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն  է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների  եւ ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը: Դեսպանի խոսքով`  իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:

Նախարար Արմեն Աշոտյանը Իրանի կրթության եւ գիտության նախարարին հրավիրել է Երեւան` մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եվրոպական երկրների նախարարներ` քննարկելու եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: «Վերոնշյալ գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մեկ: Առաջին անգամ այն տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության պատասխանատու երկիր է մինչեւ 2015 թվականի օգոստոս ամիսը:Այդ կապակցությամբ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երեւանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաեւ Հայաստանի հարեւան երկրների, այդ թվում` Իրանի գործընկերներին: Ես լիազորված եմ եվրոպացի գործընկերների անունից Իրանի կրթության եւ գիտության նախարարին հրավիրել Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը»,-նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՀՀ դպրոցներում պարսկերենի դասավանդմանն ուղղված մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը, ինչպես նաեւ կրթության ոլորտում հայ-իրանական նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը: