Քրիստոնյա-դեմոկրատական շարժման ներկայացուցիչները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հուլիսի 6-ին կայացած հանդիպումից հետո եկել են այն եզրակացության, որ «վրացական ընդդիմադիր հատվածի եւ ԱՄՆ վարչակազմի միջեւ հարաբերությունների նոր փուլ է սկսվել»:
Ինչպես նշել է շարժման առաջնորդներից Գեորգի Ախվլեդիանին, ցանկություն հայտնելով հանդիպել միայն ՔԴՇ-ի (Գեորգի Թարգամաձեի) եւ «Ազատ դեմոկրատների» (Իրակլի Ալասանիայի) հետ՝ Հիլարի Քլինթոնը, ներկայացնելով ԱՄՆ դիրքորոշումը, ընդգծել է, թե ինչ քաղաքականության է աջակցում Սպիտակ տունը Վրաստանում:
«Դրանով միանշանակ հայտարարվել է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ցանկացած այլ քաղաքականություն: Դա միանշանակ բնական է այն ֆոնին, երբ երկրում կանգնած են ռուսական տանկերը: Կարծում եմ՝ Վրաստանի քաղաքական կուսակցությունները պետք է հաշվի առնեն ԱՄՆ-ի այդ մեսիջը»,- «Պիրվելի» գործակալությանն ասել է Ախվլեդիանին:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն այցելել էր Վրաստան, որտեղ հանդիպել է ընդդիմադիրներ Գիորգի Թարգամաձեի եւ Իրակլի Ալասանիայի հետ:




























