Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում շարունակվում են քրդերի չթույլատրված զանգվածային բողոքի գործողությունները։

Քրդական PKK-ի եւ թուրքական զինուժի միջեւ բախումներից զոհված քուրդ զինյալների թաղումները վերածվել են բազմահազարանոց բողոքի գործողությունների, որի ընթացքում տարբեր քաղաքներում կազմակերպվել են բոցավառվող շշերով հարձակումներ տարբեր հաստատությունների շինությունների վրա։

Ջիզրեյում եւ Սիիրտում սպանված 10 քուրդ զինյալների դիակները պետությունը չի վերադարձրել ընտանիքներին, որի հետեւանքով սկսվել են լայնածավալ անկարգություններ։

Այսպես, Սիիրտում թուրքական զինված ուժերի հետ բախման հետեւանքով սպանված 24 ամյա քուրդ զինյալ Յասին Օզմենի թաղմանը մասնակցել են նաեւ  Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի եղբայրը,  ներկայումս Հյուսիսային Իրաքում թաքնված PKK-ի մեկ այլ առաջնորդ Մուրադ Քարայըլանի եղբայրը, թուրքական խորհրդարանի Ուրֆայից ընտրված պատգամավոր Իբրահիմ Բիրինջին եւ այլոք։

Քուրդ զինյալի թաղումը ակամայից վերածվել է բողոքի գործողության, որի ընթացքում ծածանվել են PKK-ի դրոշները եւ Աբդուլահ Օջալանի նկարները, ինչպես նաեւ պաստառ՝ «Վրեժխնդրություն» գրությամբ։