ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան նշանավորվեց ոչ միայն նրա կողմից արված մի քանի ուշագրավ հայտարարություններով, այլ նաեւ Ծիծեռնակաբերդ կատարած այցով։ Այս մասին հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով, առավել հատկանշական էր, որ Քլինթոնը Երեւանում գտնվելու ընթացքում բարձրաձայնեց հայ-թուրքական առկախված գործընթացի հարցը՝ շեշտելով, որ գնդակն այժմ Թուրքիայի կիսադաշտում է եւ եկել է նրա գործելու պահը։ «Հայ-թուրքական գործընթացի մասով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններն առավել քան հստակ էին։ Նա դրանցով հասկացնել տվեց, որ գործընթացի հետագա զարգացման ողջ բեռն ընկնում է թուրքական կողմի վրա»,- նշեց Սահակյանը՝ հիշեցնելով նաեւ, որ Քլինթոնը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայոց ցեղասպաության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին, ՀՀԿ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան իր այս քայլով անուղղակիորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
«Եթե այս կամ այն գործիչը ծաղիկներ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում՝ լինի դա պետական, թե մասնավոր այցի շրջանակներում, նշանակում է, որ նա ճանաչում է Ցեղասպանությունը»,- ամփոփեց Հովհաննես Սահակյանը։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան էր ժամանել հուլիսի 4-ին։


























