Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կառավարության վաղվա նիստում կներկայացնի որոշման նախագիծ, որով լիազորություն է խնդրելու` Հյուսիսային պողոտայի սեփականազրկված քաղաքացիների հետ կնքած պայմանագրերում փոփոխություններ կատարելու համար:
2001 թ. կառավարության որոշման համաձայն, ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչներին պարտադրեցին պետության կարիքների համար հրաժարվել իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից: Մի շարք դեպքերում քաղաքացիներին իրենց տներից դուրս են հանել բռնի ուժով` սահմանադրական կարգի (սեփականության անձեռնմխելիության իրավունք) խախտմամբ: Քաղաքացիներին առաջարկվել են փոխհատուցման գումարներ, սակայն նրանց մի մասը փոխհատուցումը համարել է անբավարար, սակայն պարտադրանքի ներքո ստորագրել է պայմանագրերը: Պետության անունից պայմանագիրը ստորագրել է Երեւանի քաղաքապետը` ի դեմս «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի: Պայմանագրի երրորդ կողմը «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն է, որն էլ պետք է տրամադրի փոխհատուցումները:
Բռնի ուժով սեփականազրկված քաղաքացիների երկարամյա պայքարը իրենց իրավունքների պաշտպանության նպատակով տվել է դրական արդյունք: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը համաձայնել է փոփոխություններ կատարել նախկինում կնքված պայմանագրերում` տրամադրելով լրացուցիչ փոխհատուցումներ: Փոփոխություններ կկատարվեն 115 պայմանագրերից 34-ում:




























