Իլհամ Ալիեւը կորցրել է ադեկվատության զգացումը եւ ճիշտ չի ընկալում միջազգային իրավունքի սկզբունքները՝ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը՝ հնչած ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ։ «Պարոն Ալիեւը թող հույս չունենա, որ անպատիժ կմնան ռազմական հերթական ագրեսիայի համար»,- նկատեց Սաֆարյանը՝ հավելելով. «Ավաղ, Հայաստանի իշխանությունների ոչ ճիշտ քայլերի արդյունքում երբեւիցե չբարձրացվեց Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ 1991 թվականին պատերազմական գործողություններ սանձազերծելու առումով: Եթե այս հարցը բարձրացվեր Հայաստանի կողմից, ապա այսօր Ալիեւը նման ձեւով չէր հոխորտա ողջ միջազգային հանրության եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի առաջ»:
Պատգամավորն արձագանքեց նաեւ Ալիեւի հայտնած այն մտքին, թե պատերազմ սկսելու դեպքում միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմը կլինի, քանի որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի՝ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության բոլոր իրավունքները։ «Հիասթափություն է սպասվում պարոն Ալիեւին, նա անգամ չի ուզում հասկացած լինել, որ նախօրեին միջազգային իրավունքի մասին խոսել են Մինսկի խմբի համանախագահները, խոսել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ այդ սկզբունքներից մեկը վեճերն առանց ուժի, կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելն է։ Խորը հիասթափություն է սպասվում Ադրբեջանին ոչ միայն հերթական ռազմական պարտության տեսքով, այլ նաեւ միջազգային աջակցության հարցում։ Եւ պարոն Ալիեւը պետք է իմանա, որ եթե խոսում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Ադրբեջանի ինքնապաշտպանության իրավունքի մասին, ապա թող իմանա, որ այդ իրավունքն ունի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ անկախ նրանից, Ալիեւը բարեհաճե՞լ է ճանաչել այդ հանրապետությունը, թե՞ ոչ»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի դիրքերը թուլանում են ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաեւ գրեթե բոլոր ոլորտներում, եւ ստատուս-քվոյի պահպանումը տարածաշրջանում առայժմ հնարավոր է միայն հայկական Սփյուռքի ջանքերով։ «Ես գնալով համոզվում եմ, որ Ալիեւն այնքան է կորցրել ադեկտավության զգացումը, որ սխալ է մեկնաբանում միջազգային տրամադրությունները, սխալ է մեկնաբանում Ադրբեջանի կարողությունները, եւ այսքանից հետո առավել եւս չի կարող մեկնաբանել Հայաստանի բանակցային դիրքերը։ Եւ եթե հայկական կողմի դիրքերը իսկապես թույլ են, ինչպես պարոն Ալիեւն է պնդում, ապա չէր լինի հունիսի 18-ի միջադեպը, որը Ալիեւի ցածր բանակցային կարողությունների եւ նյարդային անհավասարակշռության հետեւանք է»,- արձագանքեց Սաֆարյանը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ «եթե Ալիեւին թվում է, որ ստատուս-քվոյի պահպանումը պայմանավորված է հայկական Սփյուռքով, եւ նա է իր հիմնական մրցակիցը, «ապա թող պատերազմ հայտարարի հայկական Սփյուռքին»:



























