Շոգ եղանակներով պայմանավորված՝ շտապօգնության կանչերի թիվը վերջերս անհամեմատ աճել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շտապօգնության ծառայության պետ Ռիտա Աբրահամյանը։
Հարցին, թե հիմնականում ի՞նչ գանգատներով են մարդիկ զանգահարում իրենց, ոլորտի պատասխանատուն նշեց, որ գանգատներն ամենատարբեր են, սակայն աննախադեպ շոգերին չեն դիմանում մանավանդ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։ «Եղանակային այսպիսի պայմաններում քրոնիկ հիվանդությունները սրվում են, հետեւաբար զարմանալի չէ, որ ամենաշատ գանգատներն ունենում են նրանք»,- նկատեց Ռիտա Աբրահամյանը՝ հավելելով, որ թեպետ ոչ մեծ քանակով, սակայն կանչեր լինում են նաեւ աղիքային ինֆեկցիաների մասով։ «Ճիշտ է, դրանք առանձնապես շատ չեն, սակայն այնուամենայնիվ կան»,-տեղեկացրեց Շտապօգնության ծառայության պետը։ Հարցին, թե գրանցվե՞լ են արդյոք կանչեր արեւահարության դեպքերով, բժշկուհին ասաց, որ նման կանչեր դեռեւս չեն ստացվել։
Առողջության հետ կապված խնդիրներից խուսափելու համար Ռիտա Աբրահամյանը վերջում ազգաբնակչությանը խորհուրդ տվեց ցերեկային ժամերին խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց եւ մեծ քանակությամբ հեղուկներ ընդունել։ «Իսկ եթե մարդն արդեն իսկ արեւահարվել է, լավ կլինի՝ ջերմիջեցնող եւ ցավազրկող դեղամիջոցներ ընդունի»,-ամփոփեց Ռիտա Աբրահամյանը։



























