Հուլիսի 7-ին կայացել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն է տրամադրել Հայաստան-ԵՄ վերջին զարգացումների վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է մշակել ներքին աշխատանքային կանոնակարգ՝  առաջիկա աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար: Ինչպես նաեւ որոշվել է մեկշաբաթյա ժամկետում  մշակել խնդիրների օրակարգ՝ Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ քննարկմանը  առաջարկելու համար:

Հանձնաժողովի հետագա նիստերին, որոնք կհրավիրվեն երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, կհրավիրվեն նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ համապատասխան կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի  փորձագետներ: Որոշվել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝  միջխորհրդարանական հանձնաժողովի եւ արտաքին գերատեսչության համատեղ աշխատանքը համակարգված կազմակերպելու համար: