Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ մյուս հերոս տղաներին կոչ է անում դուրս գալ փողոց եւ պատժել իշխանություններին ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

«Իմ նկատմամբ երկու անգամ բռնություն է եղել ու ժողովուրդը, քաղաքական ուժերը անտարբեր են եղել: Այժմ էլ շարունակվում են ծեծերը, մեքենա վառելը: Արդեն հասել են նրան, որ ազգի հերոսներին են ծեծում: Իմ համար անհասկանալի է, թե ոնց կարելի է ազգի հերոսի ծեծել, որը կռվել է Հայաստանի համար: Գրքերում նրանց մասին են խոսում, մյուս կողմից ծեծում են»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Շանթի որդին պատմեց, որ 10 ամիս առաջ էլ իրենց տան մուտքի մոտ իր քիթն են ջարդել, փախել, բայց ինքը լռել է. «Ես լռեցի, դրա մասին չբարձրաձայնեցի, բայց  դա չի նշանակում, որ ես համակերպվեցի այդ արժանապատվության նվաստացման հետ: Չեմ համակերպվել, սիրտս է լցվել»։

Շահեն Հարությունյանը հորդորում է դուրս գալ փողոց քարով, փայտով, թեկուզ բենզինի շշերով արժանապատվության համար ռեժիմի դեմ պայաքարելու:

«Եթե դուրս գան ցույց  անելու արդար դատավարություն պահանջելով, ես նրանց կողքին չեմ լինելու, որովհետեւ քշում են, ցույց են անում, քշում են մյուս մայթ, հետո էլի մյուս մայթ, հետո տուն են քշում, հետո երկրից են քշում: Քանի որ այս իշխանությունները չեն կարող քաղաքակիրթ պայքարի գնալ, պետք է պայքարենք արժանապատվության համար»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց 15-ամյա Շահեն Հարությունյանին ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ: «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։ Նրանք ազատազրկվել են 1-7 տարով։