Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանային առկա ֆոնը կպահպանվի մի քանի օր եւս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ, մինչ այժմ գրանցված ամենաբարձր՝ +38 ջերմաստիճանը, երեկ՝ հուլիսի 6-ին, գրանցվել է Արարատյան դաշտավայրում։ «Մեղրիում եւ Իջեւանում գրանցվել է համապատասխանաբար 36, եւ 32 աստիճան տաքություն։ Ակնկալվում է, որ նույն ջերմաստիճանը կպահպանվի նաեւ այսօր եւ վաղը»,- նշեց Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ հուլիսի 9-ին եւ 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով։ «Ամենաբարձր ջերմաստիճաններն ակնկալվում են հենց այդ օրերին։ Արարատյան դաշտում, օրինակ, կգրանցվի 38-ից 40 աստիճան տաքություն»,- զգուշացրեց Զարուհի Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ, հուլիսի 10-ից, 11-ից հետո օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։
«Ինչ վերաբերում է օգոստոսին, ապա դեռ վաղ է կանխատեսումներ անել։ Նախնական տվյալներով ջերմաստիճանն այդ ամսին կլինի նորմայի սահմաններում»,- ամփոփեց մասնագետը։



























