Հուլիսի 11-18-ը Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի եւս համագործակցելով Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների հետ, ներկայացնում է մի քանի նորություններ: Այսպես, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի լավագույն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորին հնարավորություն է ընձեռել մասնակցելու Բրիսթոլում անցկացվող «Ecounters» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը` հավելելով, որ Մեծ Բրիտանիայի դեպանությունն այս տարի «Ոսկե ծիրանին» ներկայացնում է 1 մրցութային եւ 6 կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:
Իսկ ահա ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդենստայն ասաց, որ իրենց դեսպանությունը փառատոնին 50 հազար դոլար է տրամադրել:
Լեհաստանի դեպսանատան երկրորդ քարտուղար Մաչեյ Ֆալկովսկու խոսքով, Լեհաստանի մասնակցությունը կինոփառատոնին սահմանափակվում է ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի վերջին ֆիլմի եւ 2 այլ վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:
Կինոփառատոնի հետ այս տարի համագործակցելու է նաեւ Բրազիլիայի դեպանատունը եւ ներկայացնելու է մեկ վավերագրական ֆիլմ: Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել է հայկական արմատներ ունեցող, սակայն Բրազիլիայում բնակվող կինոռեժիսոր Լեւոն Կակովը, ով նաեւ Սան Պաուլուի կինոփառատոնի հիմնադիրն է:
Գերմանիայի դեպանատան մասնակցությունը լինելու է ծագումով թուրք, սակայն Գերմանիայում բնակվող ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ֆիլմի ցուցադրությամբ։
Կներկայացվեն նաեւ գերմանական երեք այլ ֆիլմեր։
Ֆրանսիայի դեպանատան համար այս տարվա մասնակցությունը տարբերվում է նախորդ տարիներից։ «Այս տարին հատկանշական է նրանով, որ փառատոնին ներկայացված ֆրանսիական ֆիլմերը ցույց են տալու, թե ինչ են տվել հայերը ֆրանսիական կինոմատոգրաֆին»,-ասաց Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի եւ համագործակության հարցերի խորհրդական Ժան-Պոլ Մարտեն։
Նշենք, որ կինոփառատոնը բացվելու է ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմով։ Փառատոնին ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի ազգային կինոինստիտուտի տնօրենը։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչը, ով նշեց, որ նրանք եւս աջակցելու են կինոփառատոնին։
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ թեեւ Ռուսաստանի դեպանատունը չի համագործակցում իրենց հետ, այնուամենայնիվ լինելու են ռուսական ֆիլմեր եւ պատվավոր հյուրեր Ռուսաստանից։




























