Բուշերի ատոմակայանի շահագործումը սկսվելու է սեպտեմբերի 1-ի։ Այս մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Նրա խոսքով, հուլիսի 7-ին կայացել է ատոմակայանի հերթական հաջող փորձարկումը։
Սալեհին հայտարարել է, որ հուլիսի 7-ին ատոմակայանում իրականացվել են «թեժ» փորձարկումներ՝ գլխավոր ստուգումը ատոմակայանի շահագործումից առաջ, որը ձգձվել է 37 տարի։
Բուշերի ատոմակայանը կառուցում են ռուս մասնագետները։ Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, որ Բուշերի ատոմակայանի շինարարությունը կավարտվի եւ այն շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսի վերջին։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մայիսին հայտարարել էր, որ Բուշերի ատոմակայանի առաջին բլոկի շահագործումը պետք է տեղի ունենար այս ամռանը։
Ատոմակայանը պետք է շահագործվեր դեռեւս 1999 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է։ Ռուսական կողմը միջուկային վառելիքի տրամադրման աշխատանքներն ավարտել էր 2009 թվականի հունվարի վերջին։



























