Կրասնոդարի շրջանի Դոլժանսկայա կայարանի մոտակայքում ողբերգություն է եղել։ Մոտորանավակով զբոսանքը վերջինն է եղել մի քանի երեխաների համար, ովքեր եկել էին հանգստանալու «Ազով» ճամբարում։
«Կրասնոդարի կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հաղորդմամբ, երեխաների վերականգնողական կենտրոնից 63 երեխայի մոտորանավակով տարել են լողանալու Կրասնոդարի շրջանի Դոլժանսկայա կայարանի մոտակայքում գտնվող Յեյսկի Կոսա կոչվող ափը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց հետ եղել են 14 մեծահասակներ, իսկ ըստ այլ աղբյուրների՝ 7-ը։
Երեխաները մտել են ծով լողանալու։ Սակայն ստորջրյա ուժեղ հոսանքները նրանց քշել են դեպի բաց ծով։ Փորձել են նրանց փրկել, սակայն չի հաջողվել։ Ջուրը մտնողներին եւս հոսանքները քշել են։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, «Ազով» ճամբարը մասնավոր է եւ եւ նրա ղեկավարությունը հրաժարվում է շփվել լրագրողների հետ ու ներկայացնել կորած երեխաների ցանկը։ Նաեւ նրանք չեն բացատրել, թե ինչու են երեխաներին տարել լողանալու չարտոնված վայրում։ Ըստ որոշ լուրերի՝ բոլոր երեխաները Մերձմոսկվայից են, № 1064 դպրոցից։
Փրկարարարները ժամը 12։00-ի դրությամբ գտել են երկու երեխաների՝ 12 եւ 16-ամյա աղջիկների դիերը։ Իսկ իրավապահ մարմինների հաղորդմամբ, արդեն հայտնաբերվել են բոլոր 5 զոհվածների եւ դաստիարակի դիերը։ Սակայն մինչեւ հիմա պարզ չէ, թե քանի երեխա է անհետ կորել։



























