ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված գիտնական Իգոր Սուտյագինին եւս  փոխանակելու են «ռուսական լրտեսների» հետ, որոնց ձերբակալել են ԱՄՆ-ում, հունիսի վերջին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գիտնական փաստաբան Աննա Ստավիցկայային: Վերջինիս խոսքով, այդ տեղեկությունը ստացվել է Սուտյագինից, որն այդ մասին հաղորդել է ծնողներին: Ստավիցկայան հաղորդել է, թե Սուտյագինը լինելու է այն 11 անձանց շարքում, որոնց փոխանակելու են 11 «ռուս լրտեսների» հետ:

Նախկինում Իգոր Սուտյագինը ղեկավարել է Ռուսաստանի ԳԱԱ ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական հատվածը: 2004թ. նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով, ԱՄՆ ռազմական հետախուզությանը գաղտնի տեղեկություններն հանձնելու համար:

Գիտնականն իր մեղքը չի ընդունել՝ հայտարարելով, թե ողջ տեղեկությունը հավաքել է բաց աղբյուրներից:

NEWS.am-ն արդեն հաղորդել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 10 մարդու էին ձերբակալել: