Մեզ չեն ծեծել, մեզ հարվածել են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով օրերս իրեն եւ իր մարտական ընկերներին ծեծի ենթարկելու դեպքերին:

«Մեզ չեն ծեծել, մեզ հարվածել են: Հարվածել են հայ ժողովրդի հոգեբանությանը, այդ ամենը կատարվել է հայ ժողովրդի հետ, մենք գնալու ենք, մեզ կամ արդարացնելու են, կամ դատապարտելու են, դա խնդիր չէ, բայց մենք վաղը կարող ենք երկիր տանուլ տալ»,-ասաց նա:

Մանվել Եղիազարյանը նշեց, որ մարդիկ շատ են փոխվել եւ  հացի համար զբաղվում են միմյանց վարկաբեկելով:

«Ամեն մեկն իր բրդուճի համար, սրան վարկաբեկի, նրան բամբասի, մեկ ուրիշի տունը քանդի, ամեն մի մարդ իր ստամոքսի համար, ուտում, ուտում չի կշտանում, անտեսում են ամեն ինչը, ազգային գաղափարախոսություն, մենք սենց ո՞ւր ենք գնում, ու ես ձեզ տղերք ջան վստահեցնում եմ, եթե մենք այսպես ենք պրծնում, սա հրաշք է, մեր երեխաներն ավելի վատ վիճակի մեջ են հայտնվելու»,-ասաց ազատամարտիկը:

«Արաբո» ջոկատի հրամանատարը նշեց, որ իր համար ամեն ինչ պարզ է. «Ես այս վիճակից դուրս գալու ձեւերն էլ գիտեմ», բայց այսօր բարձրաձայնելու ժամանակը չի, հանկարծ մեկնումեկդ չընկճվեք: Լավ է, որ դեպքը եղել է իմ հետ եւ Ռազմիկի, ոչ թե շարքային ազատամարտիկի հետ: Մենք հարցերի լուծումը կտանք ու մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ավելի շատ սիրել, քանի որ ուրիշ ճանապարհ չունենք այս դժբախտությունից պրծնելու»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ խնջույքից հետո ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, երկու օր անց անհայտ անձիք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: