Հայաստանի ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ հուլիսի 3-5-ը ճանաչողական այցով այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նրանք եղել են Ստեփանակերտում, Գանձասարում, Տիգրանակերտում եւ Շուշիում:
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա առթիվ, ՀՀ ԱԳՆ հյուրերի պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվեց ընդունելություն, տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ դիվանագիտական անձնակազմի եւ ծառայողների հետ, երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:
Այնուհետեւ ԱԳՆ աշխատակիցներին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նույն օրը ԱԳՆ աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Ստեփանակերտի «Եղբայրական շիրիմին»` հարգանքի տուրք մատուցելով ԼՂՀ ազատագրման համար զոհվածների հիշատակին:



























