«Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել հուլիսի 10-ին տեղի ունենալիք իր արտահերթ համագումարի օրակարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` միաժամանակ հավելելով, որ օրակարգը, ըստ կանոնադրության,  հաստատում է կուսակցության համագումարը: Դեռեւս հստակեցված չէ նաեւ համագումարի հրավիրյալների ցանկը: Այս եւ կազմակերպչական այլ հարցերի կուսակցությունը անդրադարձել է հուլիսի 6-ին տեղի ունեցած իր վարչության նիստում: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հարցերի շրջանակը վերջնականապես պարզ կդառնա առաջիկա օրերին: Նա հատուկ ընդգծեց, որ համագումարը բաց է, եւ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դրան:

Նշենք, որ  ավելի վաղ Մարտիրոսյանը հայտնել էր, որ «Ժառանգությունը» համագումարում չի քննարկելու քաղաքական ուղեգծի փոփոխության հարցը, սակայն նախատեսվում է կուսակցության մարտավարության վերանայման քննարկում։  Նա նաեւ նշել էր, որ համագումարի ընթացքում կլինի նոր վարչության ընտրություն: Ըստ NEWS.am-ին հասած տեղեկությունների, արդեն իսկ որոշված է, որ համագումարի ժամանակ վարչության նոր նախագահ է ընտրվելու կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:   

Հիշեցնենք, որ համագումարը տեղի է ունենալու հուլիսի 10-ին, ժամը 12-ին, Կառավարության նիստերի դահլիճում:  

Վաղը`հուլիսի 8-ին հրավիրվելիք ասուլիսում Արմեն Մարտիրոսյանը կներկայացնի համագումարի հետ կապված հարցերը: