Մինչեւ հունվարի 15-ը նաիրիտցիները երկու ամսվա աշխատավարձ կստանան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ն, NEWS. am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ տնօրենների խորհուրդն արդեն բաց նամակ է ուղարկել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ աշխատավարձերի մարման համար փոխառություն խնդրելու նպատակով: 

Հրաչ Թադեւոսյանը նաեւ նշեց, որ գործարանի տնօրինությունից եւ տարբեր ստորաբաժանումներից մեկական ներկայացուցիչ կընդգրկվի նոր կազմվող 20 հոգանոց նախաձեռնող խմբում, որը կկարգավորի աշխատակիցների հետագա քայլերը:

«Խումբը կկորդինացնի մասսայի անելիքները: Խումբը կորոշի ամեն օր երթ անել, ուրեմն կարվի, խումբը կորոշի տասն օրը մեկ անել, կամ չանել, պետք է բոլորս ենթարկվենք խմբի որոշմանը: Մարդիկ բորբոքված են, սոցիալապես վատ վիճակում են, լարվածություն կա, 2000 հոգի, 2000 կարծիք, դրա համար պետք է լիազորված անձինք լինեն տարբեր ստորաբաժանումներից, որոնք հեղինակություն ունեն իրենց կոլեկտիվում, որոնք կորոշեն մեր անելիքները»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը: 

«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահի կարծիքով՝ իրենց տնօրինությունը եւ կառավարությունը պետք է համագործակցեն՝ քննարկելով աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ նախաձեռնող խմբի ներկայացրած բոլոր առաջարկները:

«Ես այն կարծիքին եմ, որ երկուսն էլ պետք է իրար հետ աշխատեն, աշխատավորի պարտքը փակեն, բանվորի խնդիրը չէ, թե աշխատավարձն ով է տալու: Կա պարտք, եւ պետք է վճարվի աշխատանքային օրենսգրքի համաձայն: Երեւի կառավարությունը, տնօրենների խորհուրդը միասին ճանապարներ կգտնեն, պարտքը կմարեն», - ասաց Թադեւոսյանը:

Նշենք, որ նախաձեռնող խումբը, այնուամենայինիվ, չի բացառում, որ մոտ ապագայում բողոքի ակցիաներ կանցկացվեն: 

«Ինձ թվում է՝ բողոքի ակցիաները պետք կլինեն: Եթե տեսնենք, որ խորհրդի առաջարկները հաշվի չեն առնվում, իհարկե, ստիպված կլինենք երթ կազմակերպել»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: