Հուլիսի 7-ի առավոտյան ՆԱՏՕ-ի ավիացիան Աֆղանստանի Գազնի գավառում սխալմամբ ռմբային հարված է հասցրել այդ երկրի ազգային բանակի դիրքերին, ինչի արդյունքում զոհվել է աֆղանական բանակի 6 զինվոր, եւս մեկը վիրավորվել է։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Աֆղանստանի պաշտպանության նախարարության գեներալ-գնդապետ Զախիր Ազիմին հաղորդել է, որ դեպքը պատահել է Այդարում, երբ բանակի ստորաբաժանումներից մեկը շարժվել է դեպի դիրքեր, որպեսզի թալիբների համար որոգայթ լարի։ Մթության մեջ ՆԱՏՕ-ի հետախույզները «սխալմամբ» աֆղանական զինվորներին ընդունել են ապստամբների տեղ եւ կանչել են ավիացիային, որը զինվորական դիրքերի մոտով անցել է զանգվածային ռմբակոծությամբ։ Ազիմին հայտնել է, որ զոհվել են 6 զինծառայողներ, Աֆղանստանի բանակի մեկ զինվոր վիրավորվել է։
Գեներալ-գնդապետի հաղորդմամբ, առաջին անգամը չէ, որ աֆղանական զինվորները զոհվում են օտարազգի զինվորականների «բարեկամական կրակից» եւ այդ առթիվ իրենց վրդովմունքն են հայտնել։
Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչները փաստն ընդունել են որպես սխալ ռմբակոծություն եւ այդ առթիվ իրենց ցավակցությունն են հայտնել։



























