Beeline–ի բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայության շրջանակում  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում բաժանորդներն առանց բանկ այցելելու տարաժամկետ վճարման պայմանով կարող են ձեռք բերել բջջային հեռախոսներ, նոութբուքեր, մոդեմներ եւ պլանշետային համակարգիչներ:

«Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մենք ոչ միայն փորձում ենք մշտապես ներկայացնել սարքավորումների լայն տեսականի, այլ ձգտում ենք դրանք առավելագույնս հասանելի դարձնել մեր հաճախորդների համար: Համոզված եմ, որ  «Ապառիկը տեղում» ծառայության շնորհիվ դրանց ձեռքբերումն ավելի պարզ եւ հարմար կդառնա ոչ միայն Beeline բաժանորդների, այլ նաեւ բոլոր ցանկացողների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ապառիկը տեղում» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սարքավորումներ 50.000 - 2.000.000 դրամի սահմաններում, 3-24 ամիս ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով: Սարքավորման ձեռքբերման պայմանագիրը ձեւակերպվում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

Նշենք, որ բացի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից Beeline-ի բաժանորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել սարքավորումներ  նաեւ «Յունիբանկ»-ի եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի միջոցով։