Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով ղարաբաղյան բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արած ռազմատենչ հերթական հայտարարությունները:
«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 18-ին իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը»,- նշել է Բալայանն ու հավելել. «Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձեւել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը»:
Ըստ Բալայանի՝ չնայած Բաքվի հուսահատ ճիգերին «պրահյան գործընթացը` դա պրահյան է, այլ ոչ թե բաքվի, մադրիդյան առաջարկությունները, դրանք մադրիդյան են` ոչ թե բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան` Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ»:
«Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով: Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը, հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա»,- ամփոփել է Տիգրան Բալայանը:



























