Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը սկսում է դպրոցաշինության ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, ընդ որում առաջին փուլի համեմատ գրեթե կրկնակի կրճատվել է ֆինանսավորումը: Երկրորդ փուլի ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն դոլար է, իսկ դպրոցաշինությանը հատկացվելու է 9,5 միլիոն դոլար:

Նշենք, որ առաջին ծրագրով 2007-2009թթ. «Լինսի» ծրագրի առաջին փուլով հատկացվել էր 22 միլիոն դոլար: Առաջին փուլում Երեւանում եւ 5 մարզերում կառուցվել կամ վերակառուցվել է 10 դպրոց, իսկ 2-րդ փուլում՝ 3-ական դպրոց՝ Շիրակի եւ Լոռու մարզերում:

«Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Քըրքորյանը գոհ է մնացել առաջին փուլի աշխատանքներից, եւ ֆինանսավորման կրճատումը որակի հետ կապված չէ:

Սարգսյանը նշել է նաեւ, թե Հայաստանում վերակառուցման կարիք ունի 1400 դպրոցների գրեթե կեսը: Համեմատաբար լավ վիճակում են գտնվում աղետի գոտու դպրոցները, որոնց մեծ մասը կառուցվել է երկրաշարժից հետո:

«Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ հիմնադրամի մյուս ծրագրերը՝ ճանապարհաշինության եւ մշակույթի ոլորտներում, առայժմ չեն իրականացվում, քանի դեռ չկա համապատասխան ֆինանսավորում: