Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու համար Իրանը կօգտագործի բոլոր հասանելի հնարավորությունները: Այդ մասին հայ-իրանական համատեղ հաձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ լավ քաղաքական հարաբերությունները տարածաշրջանի ոչ մի երկրի համար վնասակար չեն, հակառակը՝ նպաստում են մերձեցմանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Չիթչիանը կրկին ընդգծեց, որ Հայաստանն ու Իրանը շատ մշակութային եւ պատմական ընդհնարություններ ունեն եւ այդ ընդհանուր գծերը բարիդրացիական քաղաքականության հետ մեկտեղ Հայաստանի անկախության ձեռքբերման պահից մինչեւ օրս հանգեցրել են երկկողմ հարաբերություններում առաջընթացային միտումին:
Իրանի նախարարը նշեց, որ վերջին երկու տարիներին որոշ խնդիրներ դանդաղեցրել են համագործակցութան զարգացումը, սակայն այդ խնդիրները հարթվել են՝ շնորհիվ երկու կողմերից ներգրավված կազմակերպությունների ջանքերի:
Նախարարն ընդգծեց, որ բնական ռեսուրսները, ինչպիսիք են Հայաստանի ջուրն ու օգտակար հանածոները մի կողմից, եւ Իրանի ինժեներատեխնիկական եւ մարդկային ռեսուրսները՝ մյուս կողմից, ճանապարհ կհարթեն երկու երկրների միջեւ կապերի հետագա զարգացման համար:



























