2015թ. Իրանը կփորձի Արեւմուտքի հետ երկխոսության որոշակի ուղիներ փնտրել՝ կապված Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների եւ «Իսլամական պետության» խմբավորման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Նրա խոսքով՝ արեւմուտքը պետք է համոզվի, որ տարածաշրջանային գործընթացներում առանց Իրանի ներգրավվածության անհնար է կայունության հասնել: «Իրանը փորձում է ակտիվություն ցուցաբերել Մերձավոր Արեւելքում: Մենք նաեւ տեսանք, որ Թեհրանը կտրուկ արձանագեց Սիրիայի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածներին: Կարծում եմ, որ Իրանը այս գիծը կշարունակի նաեւ 2015թ.՝ այսպիսով փորձելով Արեւմուտքի հետ երկխոսության որոշակի ուղիներ գտնել», - նշեց Ռուդիկ Յարալյանը:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորումը 2014թ. ամռանը լայնամասշտաբ հարձակումներ է իրականացրել Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա: Հունիսի վերջին ահաբեկիչները հայտարարել են սեփական քվազիպետության ստեղծման մասին: Պետության հռչակումից հետո, նախկինում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչվող հայտնի խմբավորումը հրաժարվեց աշխարհագրական կցորդից:




























