Իրականում միակ բանը, որ կարող է վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, երկրում սոցիալական ներքին պայթյուն է, որն առայժմ չի կանխատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, իրանագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը:

Ըստ նրա՝ 2015 թ. կարելի է բնորոշել միջազգային հարաբերությունների համակարգի լուրջ վերափոխմամբ, հնարավոր է՝ մարտավարական նոր միությունների ի հայտ գալով:   «Հակամարտությունը, միեւնույն է,  այս կամ այն չափով ուժեղանալու է  ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ, Չինաստանի հետ եւ այլն, այսինքն՝ այս ամենն այնքան կազդի իրավիճակի վրա, որ միջուկային բանակցությունների կապակցությամբ կանխատեսումներ անելն անհնար է», - ասել է Գեւորգյանը:  Ըստ նրա՝ միակ բանը, որ կարող է վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, երկրում ներքին սոցիալական պայթյունն է: «Իսկ Իրանի շուրջ արտաքին կոնյունկտուրան շատ հետաքրքիր կերպով կփոխվի: Միայն մեկ եզրակցություն. եթե  «Հարավային հոսքից» Ռուսաստանի հրաժարվելուց հետո գազը Թուրքիայով անցնի,  սա արդեն  մեծապես կփոխի ուժերի դասավորությունը աշխարհում, այլ ոչ թե միայն տարածաշրջանում», - ընդգծեց Կարինե Գեւորգյանը:

2014թ. դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հրաժարվել էր «Հարավային հոսքից: Սեւծովյան գազատարը Բուլղարիայի փոխարեն կանցնի Թուրքիայով:

2014 թ. նոյեմբերի 25 –ին Վիեննայում միջուկային բանակցությունների կողմերը  որոշում էին կայացրել եւս յոթ ամսով երկարացնել Իրանի միջուկային  հարցի վերաբերյալ համընդհանուր համաձայնություն ձեռքբերելու բանակցությունները: Կողմերին չէր հաջողվել այս փաստաթուղթը ժամանակին համաձայնեցնել, այսինքն՝ մինչեւ 2014 թ. նոյեմբերի 24-ը: