Facebook-ում նոր վիրուս է հայտնվել, որը տարածվում է հետեւյալ սխեմայով:

Facebook-ի օգտատերը հաղորդագրություն է ստանում «անձնական վիդեո» (private video) հղումով, որի վրա իրեն իբրեւ թե նշել են: Բացի այդ, հայտնի է նաեւ օգտատերերի «նշմամբ» լուսանկարների տարածման մասին:

Վիրուսը օգտատիրոջ անունից գրառում է հրապարակում՝ այլ կայքի հղումով եւ մի շարք ընկերների նշումով: Ընդ որում՝ հաղորդագրությունում առաջարկվում է լրացումներ բեռնել բրաուզերի համար: Այս հղումը սեղմելով՝ սոցցանցի այլ օգտատերեր եւս վարակվում են, եւ նման հաղորդագրություններ արդեն տարածվում են նրանց անունից:

Տեղեկատվական անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս չբացել  այդ հաղորդագրությունների հղումները, որտեղ նշված են Facebook-ի օգտատերերը, ինչպես նաեւ առկա են  «OMG» կամ «Private video» գրություններ եւ այլն:

Իսկ եթե հղումով անցումը կատարվել է, ապա օգտատերին խորհուրդ է տրվում փոխել սոցցանցի էջի գաղտնաբառը եւ ստուգել սարքը հակավիրուսային ծրագրով: