Հայաստանի կառավարությունը հուլիսի 8-ին կայացած նիստում Վայոց ձորի մարզպետի պաշտոնում հաստատել է Սերգեյ Բագրատյանի թեկնածությունը: Բագրատյանը հատուկ այդ նպատակով այսօր այցելել էր կառավարության շենք:

Վայոց ձորի մարզպետի պաշտոնը կոալիցիոն հուշագրով պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եւ նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի մահից հետո ԲՀԿ-ն առաջարկել էր հենց Սերգեյ Բագրատյանի թեկնածությունը:

Մեր տեղեկություններով, Բագրատյանի թեկնածությանը դեմ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ երկու շաբաթ նրա նշանակման հարցը հետաձգվում էր, սակայն, ի վերջո, այսօր նշանակումը տեղի ունեցավ:

Նկատենք, որ Վայոց ձորի մարզպետի թեկնածուն գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետը Վարդգես Մաթեւոսյանն էր, ով  հունիսի 12-ին հանկարծամահ էր եղել: