Հայաստանը պետք  է պաշտոնապես համաձայնի Կանադայում հունիսի 26-ին  համանախագահող երկրների նախագահների կողմից արված հայտարարությանը: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա այս առաջարկը մեկն է այն հինգ կետերից, որոնք, ըստ քաղաքագետի, պետք է առաջիկայում կատարվեն Հայաստանի իշխանությունների կողմից։ Երկրորդ քայլով Հայաստանը պետք է պահանջի, որ մինչեւ խաղաղության մեծ պայմանագրի ստորագրումը, ԼՂ հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում եւ ԼՂՀ-ն, ստորագրեն մադրիդյան սկզբունքների տակ:

Ըստ Գրիգորյանի կողմից առաջարկված երրորդ քայլի՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում եւ Թուրքիային, որպեսզի Մինսկի խմբի անդամ երկրները պատասխանատվություն ստանձնեն միակողմանի ճանաչել ԼՂ-ի անկախությունը, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Չորրորդ. ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության հարցերը եւս   բանակցային գործընթացի մաս դարձնելու համար: Ըստ քաղաքագետի, առանց կողմերի միջեւ վստահության առկայության, հնարավոր չի լինի բանակցային գործընթացում որեւէ տեղաշարժ արձանագրել: Հայաստանի կողմից կատարվելիք վերջին՝ հինգերորդ քայլը, ըստ Գրիգորյանի, պետք է լինի դիվանագիտական խողովակներով, միջկառավարական ու միջորհրդարանական մակարդակներով  ԼՂ խնդրի էությունը բացատրելը, քանի որ Ադրբեջանի քարոզչության հետեւանքով միջազգային հանրությունը խեղաթյուրված պատկերացում ունի ԼՂ խնդրի վերաբերյալ:

Քաղաքագետի խոսքով՝ ներկայացված բոլոր քայլերը պետք է կատարվեն միաժամանակ՝ փաթեթով, որպեսզի արդյունավետ լինեն: