ՀՀ կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի օրենսդրական այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ եւ ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի կարգավորումը վերապահել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին (կրթության եւ գիտության նախարարությանը): Ըստ գործող օրենքի` եթե սովորողի բացակայությունը գերազանցում է 160 ժամը, նա կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
Նախագծի հեղինակներն իրենց առաջարկությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել աշակերտների բնականոն հաճախելիությունը դպրոց եւ մասնակցությունը կրթական ծրագրին՝ գործող օրենքով սահմանվել է խիստ լուծում։ Սակայն օրենքի մեկ տարվա կիրառության ընթացքում ստեղծված իրավիճակները ցույց են տալիս, որ դեպքերը եւ պատճառները տարբեր են եւ դրանց միանշանակ վերաբերվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա։
«Չմեղմելով հարցը եւ կարեւորելով երեխայի պարտադիր մասնակցությունը դասապրոցեսին, այնուամենայնիվ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է թողնված ստեղծված իրավիճակներում առավել ճկուն լուծումներ տալու համար»,- նշված է օրենքի հեղինակների հիմնավորման մեջ:



























