Անցած տարի կառավարությունը մոծակների դեմ պայքարի որոշում կայացրեց, որն իրականացվեց Ջերմուկ քաղաքում, իսկ այս տարի այդ մասին չեն խոսում: NEWS.am-ի թղթակիցը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանից փորձել է պարզել, թե այս տարի մոծակների դեմ ինչ միջոցառումներ են ձեռնարկել։
«Այս տարի չկա մոծակների դեմ պայքարի ծրագիր, անցած տարի իրականացրեցինք Ջերմուկում եւ լուրջ արդյունքներ եղան, այս տարի չկարողացանք իրականացնել, բայց Շախմատի առաջնության համար ես իմ միջոցներով մի երկու հատ մեքենա ուղարկեցի գոնե էդ տարածաշրջանը վնասազերծվեր, որպեսզի մեր հյուրերի համար լավ լիներ»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: Հարցին, թե ինչ նկատի ունի իմ միջոցներ ասելով՝սեփական գրպանի՞, թե՞ գերատեսչության հաշվին է իրականացրել, նախարարը պատասխանեց. «Իհարկե, ոչ մեր գերատեսչության, մեր ծախսերի հաշվին ենք արել»:
Իսկ մոծակների դեմ պայքարի դադարեցմանը անդրադառնալով՝ նախարարը վստահեցրեց, թե պատճառը մոծակների քանակի նվազումը չէ, պարզապես փող չկա: Ըստ Ալավերդյանի, անցած տարի մոտ 18 միլիոն դրամ է ծախսվել Ջերմուկի մոծակների ոչնչացման համար, իսկ ինքը իր հաշվին այս տարի շատ քիչ է ծախսել, ընդամենը շախմատի մրցաշարին առնչվող շենքերի տարածքում գտնվող մոծակներին է որոշ չափով վերացրել:




























