Հայաստանում կանանց մոտ ամենատարածված հիվանդությունը կրծքագեղձի  քաղցկեղն է։ Հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Նա նշեց, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքի մարզում։

«Այնտեղ աճը իսկապես մեծ է։ Մենք սա կապում ենք նրա հետ, որ մարզի տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում։ Քաղցկեղը հիվանդություն է, որը շատ կապված է կնոջ ապրելակերպի հետ։ Գյուղի կանայք շատ ծանր կենցաղով են ապրում։ Ու ընդհանրապես իրենք մոռանում են նաեւ իրենց անձնական-սեռական կյանքի մասին, ինչը շատ կարեւոր է այս դեպքում»,-ասաց Հակոբյանը։

Կենտրոնի տնօրենի խոսքով, քաղցկեղի պատճառները հայտնի չեն, այլապես այն հնարավոր կլիներ բուժել։ Առաջացման գործում մեծ դեր ունեն նաեւ սթրեսները, անառողջ ապրելակերպը, նաեւ էկոլոգիական վիճակը։

Հանդիպմանը Խաչանուշ Հակոբյանը հերքեց Առողջապահության համաշխարհային վարկանիշային աղյուսակում տեղ գտած այն տվյալները, թե Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշով առաջին տեղն է գրավում։

Խաչանուշ Հակոբյանը ներկայացրեց կենտրոնի վիճակագրական տվյալները, ըստ որի՝  կենտրոնում 13 տարիների ընթացքում հետազոտվել է 196 հազար մարդ, որից 6000-ի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ՝ հիվանդության երրորդ եւ չորրորդ փուլերում, իսկ 2000 հիվանդների մոտ՝ զարգացման վաղ փուլում։

Նա նաեւ նշեց, որ նույն ժամանակահատվածում 0-29 տարեկան 48 աղջիկների մոտ եւս հայտնաբերվել է այս հիվանդությունը։

Հետաքրքական է, որ Հայաստանում 11 տղամարդկանց մոտ էլ է գրանցվել կրծքագեղձի քաղցկեղ։ Նրանից միայն 4-ին է հաջողվել հաղթահարել հիվանդությունը։

Վերջում Խաչանուշ Հակոբյանը հավելեց, որ  քաղցկեղի կանխարգելման միակ տարբերակը տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելն է։