Այսօր կառավարությունը պահուստային ֆոնդի միջոցներից 558 մլն դրամ (մոտ 1.5 մլն դոլար) հատկացրեց գյուղատնտեսության նախարարությանը` 2010 թ. ընթացքում արտերկրից եւ տեղական արտադրողներից «Էլիտային» ցորենի սերմացուի ձեռքբերման նպատակով:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այդ առթիվ ասաց, որ 2004-08 թ.թ. ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում  տատանվել է 31.6-43.1%-ի սահմաններում, միջինը կազմել է 37%: Յուրաքանչյուր տարի հանրապետությունում  օգտագործվում է 650-720 հազ տոննա ցորեն, որից տեղական արտադրության ծավալները առավելագույնը 254 հազ. տոննա է, իսկ 2009 թ.` 198.1 հազ. տոննա: Սա բավականին ցածր ցուցանիշ է: Ընդունված միջազգային չափանիշներով՝ երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ պարենամթերքի պահանջարկի 75%-ը ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

Հարցին լուծում տալու նպատակով մշակվել է ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է 2010-2014թթ. ընթացքում արտերկրից եւ տեղական արտադրողներից ձեռք բերել բարձր վերարտադրության սերմացուներ եւ հատկացնել հանրապետության ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին, որի հաշվին 2014 թ. ցորենի ցանքատարածությունները հնարավոր կլինի հասցնել 115-120 հազ. հա-ի եւ տարեկան արտադրել 365-390 հազ. տոննա համախառն բերք: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նվազեցնելու արտերկրից ցորենի ներկրումը, իսկ ինքնաբավության մակարդակը 37%-ից կհասցնի մինչեւ 55%-ի:

Կառավարության նիստի ընթացքում այս հարցի կապակցությամբ հայտարարություն արեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, որ վերջին տարիների ընթացքում բարձր որակի սերմացու համարյա չի ներկրվել: Հայաստանում կան 4 սերմնաբուծական տնտեսություններ, որոնցից երկուսը պետական են (Գյումրիում եւ Էջմիածնում), երկուսը` մասնավոր: Ըստ վարչապետի` այդ ընկերություններին կտրվի 300 տոննա բարձրորակ սերմացուի պատվեր, եւս 27 հազ. տոննա կներմուծվի: Պայմանագրում կլինի հատուկ կետ, որով սերմացուն պետք է արտադրվի բացառապես որակյալ հողերի վրա:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2008 թ. հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հասնի ցորենի ինքնաբավության 100 տոկոս մակարդակի: Կառավարությունը 2008-09 թթ. իրականացրել է հացահատիկի մշակությամբ զբաղվողներին սուբսիդիաների տրամադրման ծրագիր, սակայն էական հաջողություններ չի արձանագրել: