Հայաստանի գործարարները Որակի ասոցիացիա են ստեղծել, որին ներկայումս անդամակցում են 14 ընկերություններ։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ ավելացնելով, որ ասոցիացիայի նպատակներից է Հայաստանում արտադրանքի որակի բարելավմանն ուղղված չափանիշերի ներդրումն ու բարձրացումը։ «Որակի ասոցիացիան նաեւ հնարավորություն է տալիս անդամ գործարարներին միմյանց ընկերություններում ներքին աուդիտ իրականացնել, որը հետագայում հիմք է հանդիսանում խորը համագործակցության համար»,- նշեց Մինասյանը՝ նկատելով, որ շուրջ 40 ընկերություններ եւս շուտով կանդամակցեն ասոցիացիային։
Մինասյանը տեղեկացրեց, որ Որակի ասոցիացիայի նախագահ է ընտրվել «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
«Թեկնածուները երեքն էին, բայց ընտրվեց Կլիմկոն։ Միգուցե այն պատճառով, որ նա հայաստանյան այն գործարարներից է, ով կողմնակալություն չի դրսեւորում եւ իսկապես շահագրգռված է ունենալ Հայաստանում բարձր որակ ապահովող ընկերություն եւ որակյալ արտադրանք ու սպասարկում մատուցող գործընկերներ»,- ասաց Գագիկ Մակարյանը։




























