Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար  Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը:

Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահը բարձր է գնահատել բոլոր ուղղություններով կայուն զարգացող  հայ-‎‎ֆրանսիական հարաբերությունները: Աբրահամյանը նշել է, որ  Ֆրանսիայի  Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են բավականին ակտիվ   եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորեց բարեկամության խմբերի դերը: ԱԺ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ներքին բարեփոխումների գերակայություններից են եւ Հայաստանում շարունակվում են ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները: 

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ԱԺ նախագահը  նշել է, որ  Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Պարոն Աբրահամյանը անդրադարձել է նաեւ վերջին շրջանում առավել հաճախ դարձած ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին եւ  Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքին, որին զոհ դարձան 4 հայ զինծառայող,  մտահոգություն հայտնելով , որ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չեղավ եւ  Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին, ինչը կբացառեր նման  դեպքերի կրկնվելը: ԱԺ նախագահը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների  կարգավորման հնարավորությունների մասին:

Սերժ Լագոշը նույնպես կարեւորել էԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: