«Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության անդամի մանդատ ունի, սակայն դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք նա ներկա կլինի համագումարին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը: Նա, մեկնաբանելով մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց Վանո Սիրադեղյանը մոտ երկու շաբաթ առաջ նամակ է գրել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին՝ առաջարկելով  չքանդել ՀՀՇ-ն ու իր՝ Զուրաբյանի համար պրոբլեմներ չստեղծել, Հայոցյանը նախ ասաց, որ այդ նամակի մասին տեղեկացել է մամուլից, ապա հավելեց. «Ես, ճիշտ ասած, ուրիշի նամակները կարդալու սովորություն չունեմ, այնպես որ այդ նամակի մասին հարցրեք Արարատ Զուրաբյանին»: Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ՀՀՇ վարչության նոր նախագահի ամենահավանական թեկնածուն, Հայոցյանի խոսքով՝ ամեն բան պարզս կդառնա միայն համագումարի ժամանակ: «Համագումարը նախ պետք է ընտրի նոր վարչություն, իսկ վարչությունն իր միջից պետք է ընտրի վարչության նոր նապագահին»,- նկատեց ՀՀՇ վարչությն քարտուղարը: Հնարավոր է, որ ինքը լինի ՀՀՇ վարչության նոր նախագահը՝ հարցին Հայոցյանը պատասխանեց. «Եթե նորից  ընտրվեմ վարչության կազմում, ապա կմտածեմ այդ մասին»: Նկատենք, որ  ՀՀՇ վարչության ամենահավանական թեկնածուների ցանկում նշվում են Բաբկեն Արարքցյանի,  Վահան Փափազյանի եւ Երջանիկ Աբգարյանի անունները:  

Ինչ վերաբերում է համագումարի հրավիրյալներին, ապա, Վահագն Հայոցյանի խոսքով, հրավիրվելու են Հայ Ազգային Կոնգրեսի  անդամ բոլոր կուսակցությունները, իսկ իշխանություններից  ոչ մեկը, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանը,  վարչապետն ու ԱԺ նախագահը հրավիրված չեն: «Բացարձակապես: Նախկինում հրավիրել ենք, սակայն չեն եկել»,- նշեց Հայոցյանը:   

Հիշեցնենք, որ  հունիսի 17-ին կայացած նիստում հաժարական էր տվել  ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, իսկ նրանից առաջ կուսակցության փոխնախագահի պաշտոնից հրաժարական տվեց Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ հասարակական-քաղաքական շրջանակներումշրջանառվող լուրերի՝ ՀՀՇ-ի ղեկավարությունն ի դեմս Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի, խիստ դժգոհ են եղել  Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունից եւ կարծում էին, որ ՀՀՇ-ի համար ավելի խելամիտ կլինի հեռանալ ՀԱԿ-ից: Նշենք նաեւ, Զուրաբյանի ու Քոքոբելյանի հրաժարականների պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների հետ համագործակցելն է եղել:

ՀՀՇ 16-րդ համագումարը տեղի է ունենալու հուլիսի 17-ին: