Ավարտվել է «Արի տուն» ծրագրի 2010 թվականի առաջին փուլը:

Հայաստանի սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավանդույթի համաձայն` ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Լատվիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից Հայրենիք եկած մասնակիցները ծրագրի վերջին օրն այցելել են Գառնի, Գեղարդ, նաեւ Սեւանա լիճ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» ծրագրի մասնակցության հավաստագրեր է հանձնել մասնակիցներին եւ շնորհակալագրեր` բոլոր հյուրընկալող ընտանիքներին:

Մասնակիցներին ողջունելու եւ բարի երթ մաղթելու էին եկել նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն ուժեղ է իր Սփյուռքով եւ անչափ կարեւորել է ՙԱրի տուն՚ ծրագրի նշանակությունը: Նա կոչ է արել ԱԺ բոլոր պատգամավորներին` իրենց հարկի տակ հյուրընկալելու ապագա ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցներին: