ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մանրամասների մասին:
«Չի կարելի մոռանալ, որ ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը: Այդուհանդերձ, այցը կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման մոտեցման մեջ: Այցը եւս մեկ անգամ ամրագրեց ԱՄՆ վարչակազմի պինդ մտադրությունը օգնել կողմերին լուծման գործում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
Նրա խոսքով, բանակցությունների ներկայիս փուլում կողմերը կարճաժամկետ խոչընդոտների փոխարեն պետք է նայեն ապագային:
«Այդ իմաստով պետք է մեծանա Մինսկի խմբի պետությունների առաջնորդների դերը: Առաջնորդների դերի բարձրացման մասին է խոսում ԱՄՆ նախագահի միանալը Կանադայում ընդունված հայտարարությանը եւ պետքարտուղարի այցը Հարավային Կովկաս»,- ասել է նա՝ հավելելով, որ երբեմն փոքրիկ քայլերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն:
«Որոշակի առաջընթաց է գրանցվել: Կողմերը համաձայն են, որ որոշումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա: Կողմերն ընդունում են ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների առաջարկած վեց տարրերը: Դա Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակն է, օկուպացված տարածքների վերադարձը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ միջանցքը. Փախստականների վերադառնալու իրավունքը, նաեւ խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները»,- ասել է Բրադկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
«Այժմ մենք պետք է համաձայնեցնենք այդ վեց տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ, ապա արտացոլենք դրանք շրջանակային համաձայնագրում եւ դրանց հիման վրա կառուցել ամփոփիչ բանակցությունները: Ուզում եմ նշեմ, որ մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի կարեւորագույն փուլում»,- ասել է նա:




























