Եգիպտացի հնագետները Կահիրեի մոտակայքում 4,3 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել։ Նրանք կարծում են, որ դամբարանը կարող է լինել մեծ գերեզմանատան մի մասը։
Հայտնաբերված դամբարանում հիերոգլիֆներով եւ ներսում թաղված երկու մարդու պատկերներով երկու կեղծ դռներ են գտնվել։ Ըստ հնագետների, դամբարանում զետեղված են երկու տղամարդկանց՝ հոր եւ որդու մարմիններ։ Նրանց խոսքով, դամբարանի նկարներն այնքան լավ են պահպանվել, կարծես երեկ արված լինեն։
Դամբարանի վրայի գրությունները վկայում են, որ հայրը եւ որդին ապրել են վեցերորդ դինաստիայի՝ Պեպի Երկրորդ փարավոնի օրոք։
Կահիրեի արվարձանում պեղումները սկսվել են երեք տարի առաջ։ Այդ ժամանակվանից հայտնաբերվել են վեց դամբարաններ։



























