Առաջին անգամ Արցախում Barcamp է լինելու: Նախատեսվում է, որ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 10-13-ը Ստեփանակերտում: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Արցախում Barcamp-ի կազմակերպիչներից Հայկ Խանումյանը` ավելացնելով,  որ Ղարաբաղում մի քանի անգամ կազմակերպվել են բլոգինգի, սոցիալական մեդիային վերաբերող դասընթացներ, իսկ նման մասշտաբների միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ:

«Barcamp Artsakh-ի նպատակը Արցախում բլոգների, սոցիալական կայքերի եւ նոր մեդիայի զարգացմանը խթանելն է»,-ասաց Խանումյանը` հավելելով, որ վերջերս արցախցի մի խումբ բլոգերներ մասնակցել են Երեւանում կայացած Barcamp-ին, իսկ այժմ արդեն Արցախում կազմակերպվելիք Barcamp-ի նկատմամբ Երեւանից մեծ հետաքրքրություն կա, իսկ այս թեմայի շուրջ  բլոգներում եւ սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկումներ են ընթանում:

Խանումյանի տեղեկացմամբ` Barcamp-ը կազմակերպվում է Ղարաբաղում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից, իսկ միջոցառումը ֆինանսավորում է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Միջոցառման կազմակերպիչներն ասում են, որ կարող են հոգալ Երեւանից միջոցառմանը մասնակցել ցանկացողներից ընդամենը  30 հոգու ծախսերը (բնակության վայր, սնունդը եւ այլն), իսկ ընտրությունը լինելու է հետեւյալ կերպ. «Հիմնականում կընտրվեն նրանք, ովքեր նոր ծրագիր կամ հետաքրքրական նյութ ունեն ներկայացնելու։ Իսկ նախապատվությունը կտրվի հայտնի բլոգերներին, նոր մեդիայի եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, որպեսզի իրենց փորձը փոխանցեն Արցախի իրենց գործընկերներին»,-ասաց Խանումյանը:

Տեղեկացնենք, որ Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որտեղ նախօրոք չեն  ծրագրում շնորհանդեսները, որոնք վերաբերում են համացանցին եւ ՏՏ ոլորտին, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներ անում եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները:

Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում: