2010 թվականի հուլիսի 6-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գրանցվել է ջրահեղձման 17 դեպք, որոնցից 13-ը՝ մահվան ելքով։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրատվական բաժնի պետ Ռուզան Հակոբյանը։
Նրա խոսքով, ջրահեղձման դեպքեր ամենից շատ գրանցվել են Գեղարքունիքի մարզում։ «Այդ մարզում գրանցված 9 դեպքերից 7-ը տեղի են ունեցել Սեւանա լճում։ Համապատասխանաբար մեկ դեպք գրանցվել է Արագածոտնի մարզում, մեկը՝ Արմավիրում, երկուական դեպքեր գրանցվել են Շիրակի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում»,- տեղեկացրեց փրկարար ծառայության ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դժբախտ պատահարների (այս դեպքում ջրահեղձումների) արդյունքում զոհվածների թիվն անհամեմատ աճել է։ «2009-ի հուլիսի 6-ի դրությամբ գրանցված 20 դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է 8 մարդ, այն դեպքում, երբ 2010-ի տվյալներով 17 դեպքերից մահվան ելքով ավարտվել են 13-ը»։
Ջրահեղձման դեպքերից հնարավորինս խուսափելու համար վերջում Ռուզան Հակոբյանը ազգաբնակչությանը խորհուրդ տվեց չլողանալ ալկոհոլ օգտագործած եւ շատ կերած վիճակում։ «Բացի այդ, պետք է լողանալ միայն փրկարարար ծառայության աշխատակիցների կողմից վերահսկվող տարածքներում»,-ամփոփոց նա։



























