Այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնարկել է Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ստեփան Պետրոսյանը։ Նրա խոսքով, ծրագրին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել 14-ից 20 տարեկան 117 պատանիներ ու երիտասարդներ։
«Մենք նախատեսում ենք երեխաներին տեղավորել հյուրընկալ ընտանիքներում, որտեղ նրանք կարող են շփվել իրենց տարեկիցների հետ»,-ասաց փոխնախարարը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ «Արի տուն» ծրագրի համար այս տարի կծախսվի 35 մլն դրամ։ Ծրագրին կմասնակցեն Սփյուռքի երիտասարդության շուրջ 600 ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլն անցկացվել է հունիսի 23-ից հուլիսի 7-ը։ Դրան մասնակցել են 8 երկրներից ժամանած 90 երեխաներ։
Նշենք, որ անցած տարի նույն ծրագրին մասնակցել է 300 հոգի։



























