Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին փորձեց բացատրություններ տալ, թե որքանով են հավաստի գնաճի վերաբերյալ պաշտոնական հրապարակումները։ Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների՝ ձվի գները վերջին 2 ամսում նվազել են 16 տոկոսով, այնինչն իրականում գնանկումն ավելի մեծ է։ Սակայն ըստ Մարտիրոսյանի՝ խոշոր չափի ձվերը վաճառվում են նվազագույնը 40 դրամով, որն էապես չի տարբերվում նախորդ ժամանակահատվածի գներից։ Հիշեցնենք, որ հանրապետությունում ձվի գերարտադրության պատճառով հավաբուծական տնտեսությունները չեն կարողանում իրացնել ձվի հավելյալ պաշարները եւ իրականացնում են գնային դեմպինգ։

Լուրջ քննադատության է ենթարկվում նաեւ ԱՎԾ այն հրապարակումը, ըստ որի՝ մրգի գները այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել են 8,8 տոկոսով, այնինչ բոլորին հայտնի է, որ 2010 թ. շուկան անսովոր թանկ է։ Գ. Մարտիրոսյանը այս հակասությունը պայմանավորեց սեզոնայնությամբ՝ հունիսին միշտ էլ մրգի գները բարձր են լինում։ Այսպես՝ անցյալ տարվա հունիսին ծիրանի 1 կգ-ն արժեցել է միջինը 1150 դրամ, սակայն հուլիսին գինը կտրուկ նվազել է մինչեւ 250 դրամ։ Այս տարի հունիսին ծիրանի գինը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է ընդամենը 7,1 տոկոսով, սակայն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ հուլիսի տվյալները բոլորովին այլ պատկեր ցույց կտան։ 

Ընդհանուր առմամբ՝ ԱՎԾ-ն մոնիտորինգի է ենթարկում 619 ապրանքատեսակներ՝ 13 խոշորացված ապրանքային խմբերով։ 2010 թ. հունիսին՝ 2009 թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 4,5 տոկոս, 2009 հունիսի նկատմամբ՝ 5,8 տոկոս։