Ռուսաստանի Սմոլենսկի շրջանում վթարի ենթարկված ինքնաթիռի վթարի մասին, որում Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկին էր ու եւս 95 մարդ, տարբեր վարկածներ են շրջանառվում: Շատ քաղաքական գործիչներ պատրաստ են հավատալ, որ ինքնաթիռի ընկնելու մեջ «խառն է» Մոսկվայի «մատը»: The Daily Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ Լեհաստանի դատախազությունը ենթադրում է, որ մառախուղը, ինչը ռուսական օդանավակայանի հատվածում սահմանափակել էր ինքնաթիռի տեսադաշտը, արհեստական է եղել եւ սարքված է եղել բացառապես Լեխ Կաչինսկու ու նրան ուղեկցողների թռիչքից առաջ: Լեհաստանի դատախազությունը դիմել է ԱՄՆ-ին՝ պարզելու՝տեխնիկական եւ գիտական տեսակյունից հնարավո՞ր է արհեստական մառախուղ ստեղծել: Բացի այդ, Վարշավան հարցում է ուղարկել ԱՄՆ՝ ստանալու ամերիկյան արբանյակի կողմից արված լուսանկարները՝ հույս ունենալով, որ դրանք լույս կսփռեն վթարի տեղանքում այդ պահին եղանակային պայմանների վրա: Լեհական իշխանությունները մտադիր են հետաքննել, թե ինչպես է եղանակը փոխվել ինքնաթիռի վթարից առաջ:

Սակայն սա միակ հարցը չէ, որը լեհ փորձագետները ցանկանում են պարզել ամերիկացիների օգնությամբ: Հետաքննիչները նաեւ հարցում են արել այն մասին՝  արդյո՞ք հնարավոր է հեռակառավարման միջոցով ազդել ինքնաթիռի համակարգիչների վրա: Այլ կերպ ասած՝ Վարշավայում չեն բացառում հավանականությունը, որ ինչ-որ մեկը խափանել է ինքնաթիռի նավիգացիոն համակարգը, որպեսզի օդաչուները չկարողանան վայրէջք կատարել: Ի դեպ, ինքնաթիռի վթարի վարկածների վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հայտնում լեհ գործիչները: Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր, Յանուշ Պոլիկոտը՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից, Կաչինսկու մահը կապել է նրա հարբած լինելու հետ:«Մենք պետք է պարզենք, արդյո՞ք Կաչինսկին իրականում ինքնաթիռ նստելուց առաջ հարբած է եղել եւ ինչո՞ւ է մոտ 25 րոպե ուշացումով բարձրացել ինքնաթիռ»,-ասել է նա:  

Հիշեցնենք, որ Լեխ Կաչինսկու «ՏՈՒ 154» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին: