«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար, 34-ամյա Անի Զախարյանը 2015թ. կամուսնանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը։

«Ընտրյալ ունեմ եւ 2015-ին պլանավորում եմ ամուսնություն, որովհետեւ գտնում եմ, որ արդեն ժամանակն է»,-ասաց նա։

Անի Զախարյանի խոսքով՝ ամուսնությունը կխոչընդոտի իր քաղաքական գործունեությանը, սակայն հանուն մայրանալու առաքելության ինքն իր քաղաքական նկրտումները մի կողմ կդնի։

«Այժմ անձնական, ամուսնական այդ բոլոր խնդիրները այնքան էլ երկրորդ պլան չեն, բայց հասկանում եմ, որ եթե ամուսնություն լինի, արդեն երեխայի ծնունդ կլինի, եւ այլն, որը կարող է խոչընդոտել իմ գործունեությանը։ Բայց կարծում եմ՝ 2015թ. անկախ այդ ամեն ինչից ամուսնություն կլինի։ Ի վերջո յուրաքանչյուր  կին մայրության բերկրանքը ապրելու առաքելությամբ է ծնվում, եւ ես այդտեղ մի քիչ իմ քաղաքական նկրտումները մի կողմ կդնեմ, կզոհաբերեմ դրանք՝ հանուն իմ մայրական առաքելությունը իրականացնելու, քանի որ ես գիտեմ՝ ինձանից ինչ երեխա կարող է ծնվել, որը իրոք լավ զինվոր կարող է լինել, կամ իսկապես ակտիվ քաղաքացի կարող է լինել իմ հայրենիքի համար»,-ասաց նա։

Անի Զախարյանը Ամանորի կապակցությամբ բոլորին մաղթեց համբերություն, կայուն, ամուր գիտակցություն եւ համախմբվածություն։

«Ուղղակի պետք է խուճապի չմատնվել ցանկացած քաղաքական իրավիճակում եւ հասկանալ, որ մենք մեր երկրում ենք գտնվում եւ ճիշտ մարդկանց ապավինելու դեպքում ամեն ինչից կարելի է խուսանավել»,-ասաց նա։