Միջազգային մի քանի կազմակերպություններ հրաժարվել են մասնակել Արցախի Տիգրանակերտ հնագյուն քաղաքի հնագիտական պեղումներին՝ պատճառաբանելով, թե Տիգրանակերտը վիճելի տարածք է: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ ստիպված է եղել դադարեցնել իր անդամությունը երկու միջազգային հայտնի կազմակերպություններին, քանի որ դրանք պարբերաբար մերժել են աջակցություն ցուցաբերել Տիգրանակերտի հնագիտական պեղումներին: Այդ կազմակեպություններից մեկն էլ Project Discovery հանրահայտ ընկերությունն է, որը մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ընթացող հնագիտական պեղումներին:

Նշենք, որ Տիգրանակերտի պեղումներն սկսվել են այս տարի՝ 2010 թվականի հունիսի կեսերին, եւ տեւելու են մինչեւ այս տարվա օգոստոսի վերջ: Այն իրականացվում է Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի կողմից՝ ԼՂՀ իշխանությունների ֆինանսավորմամբ: Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանակերտը համալիր պեղելու եւ ուսումնասիրելու համար բավական երկար ժամանակ է հարկավոր՝ մոտ 20 տարի: Պեղումներին մասնակցում են հինգ հնագետներ, երկու ճարտարապետներ, Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների մոտ մեկ տասնյակ ուսանողներ, քառասունից ավելի բանվորներ: Աշխատանքներն ընթանում են միջնաբերդի տարածքում, ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի հատվածում, բազիլիկ եկեղեցուն հարակից հատվածում: Բազիլիկի պեղումների արդյունքում հայտնաբերվել են վաղքրիստոնեական քանդակի նուրբ բեկորներ, պղնձե զարդեր, կենդանակերպ ելուստներով հասարակ խեցեղենի ուշագրավ նմուշներ: Այս տարի, ըստ Պետրոսյանի, ձեռնարկվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող անտիկ դամբարանների պեղումները, որի առաջին արդյունքները արշավախումբը խոստանում է հանրությանը ներկայացնել մոտ 10-15 օր անց:

Նշենք, որ Տիգրանակերտի մասին կա նկարահանված երկու փաստավավերագրական ֆիլմ: Առաջինը  Զարեհ Ճգնավորյանի «Տիգրանակերտ ոդիսական» ֆիլմն է, երկրորդը Տիգրան Խզմալյանի հեղինակած «Տիգրանակերտ» ֆիլմը: Տիգրանակերտի մասին ներկայումս տարբեր  հեղինակների կողմից եւս երկու ֆիլմ է նկարահանվում, որոնք առաջիկայում կներկայացվեն հանդիսատեսի դատին:  Հավելենք, որ Տիգրանակերտն  այսօր ամենաշատ այցելվող, ինտերնետում լայնորեն լուսաբանվող  հուշարձանն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Հնագիտական պեղումները սկսվել են 2006 թվականից: Տիգրանակերտը  Տիգրան արքայի անունը կրող մի քանի բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, եւ որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: