Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարը սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանելու գաղափարին:
«Գազատարի վաճառքը երկրի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականության, Վրաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի եւս մեկ վկայությունն է»,- ասված է ընդդիմադիրների հայտարարության մեջ: Նրանց խոսքով, գազատարի կամ թեկուզ բաժնետոմսերի մի մասի վաճառքը Լոնդոնի բորսայում կլինի անհեռատես եւ չարդարացված որոշում: «Դա էժան արկածախնդրություն է, որ հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին»,- ասել են նրանք:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, գազատարը վաճառելու առաջարկով հանդես էր եկել Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Պավել Կուբլաշվիլին, իսկ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին նկատել էր, թե վաճառվելու է գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը:
«Գազպրոմի» ներկայացուցիչը, խոսելով գազատարի գնման հավանականության մասին, նշել էր, թե հարկավոր է ուսումնասիրություններ անցկացնել:



























