Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում խորհրդակցություն է անցկացվել ` նվիրված Հայաստանի պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին եւ առաջիկա անելիքներին:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խրհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:
Խորհրդակցությունը եւս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշների կիրառումը արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:




























